Ինվիզալայն (Invisalign) համակարգ՝ ժամանակակից լուծում ստոմատոլոգիայում

Ժամանակակից ստոմատոլոգիայում կարևոր դեր ունի օրթոդոնտիան, քանի որ օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկություն հայտնում ունենալ իդեալական ատամնաշար: Գեղեցիկ ժպիտը մարդուն դարձնում է ինքնավստահ և հանդիսանում է հուսալի այցեքարտ ցանկացած բնագավառում:
Սակայն օրթոդոնտիկ սարքերը երբեմն անհանգստություն են պատճառում պացիենտներին, իսկ բուժման պրոցեսը լինում է ոչ այնքան հաճելի ու հոգնեցնող: Այսօր այդ բոլոր խնդիրներն իրենց լուծումն են ստացել Invisalign համակարգի շնորհիվ:


Ի՞նչ է իրենից ներկայացնում Invisalign-ը
Invisalign համակարգը համեմատաբար վերջերս է սկսել կիրառվել (1999թ.-ից ԱՄՆ-ում): Այն կազմված է անհատական, համարյա անտեսանելի շարժական էլայներներից (կապաներից), որոնք փոխվում են 2 շաբաթը մեկ: Այդ ժամանակահատվածում էլայները տեղաշարժում է ատամները նախատեսված չափով, որից հետո պացիենտն այն փոխարինում է հաջորդով:
Կապաների պատրաստման գործընթացը բավականին պարզ է: Ստոմատոլոգը վերցնում է պացիենտի ատամնաշարի դրոշմը և մի քանի անհրաժեշտ ֆոտոնկար: Այդ ամենը ուղարկվում է համապատասխան կազմակերպությանը, որտեղ դրոշմերը սկանավորվում են և ստեղծվում է ատամնաշարի 3D պատկերը:
Բուժման պլանը կազմվում է վիրտուալ Align Technology – ClinCheck® հատուկ ծրագրով, որը ցույց է տալիս ատամների տեղաշարժը բուժման ընթացքում, ինչպես նաև բուժման վերջնական արդյունքը: Էլայներները պատրաստվում են անհատական՝ ClinCheck® ծրագրի միջոցով:


Ե՞րբ կարելի է կիրառել Invisalign-ը
Բուժումը սկսելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել օրթոդոնտի հետ և պարզել, արդյո՞ք Invisalign-ը հարավորություն կտա լուծել հենց ձեր խնդիրը: Սովորաբար այս համակարգը կիրառվում է, եթե՝

  • Ատամների (մոլյարների) միջև կան տարածություններ
  • Առկա է ատամների միջին կամ թեթև աստիճանի խտություն
  • Նախորդ օրթոդոնտիկ բուժումը խնդիրը չի լուծել


Invisalign համակարգի առավելությունները՝

  • Այցելությունների գրաֆիկը համապատասխանեցվում է ձեր ռեժիմին: Բժշկին այցելում եք 5-7 շաբաթը մեկ, որպեսզի ստուգվի բուժման ընթացքը և համեմատվի նախնական պլանի հետ:
  • Invisalign համակարգը չի պարունակում մետաղական հատվածներ և սուր ծայրեր, այդ պատճառով էլ չի կարող վնասել բերանի խոռոչի լորձաթաղանթը:
  • Էլայներները չեն խանգարում խոսելուն, ինչը շատ կարևոր է հատկապես այն մարդկանց համար, ում աշխատանքը ենթադրում է բանավոր խոսք:
  • Invisalign էլայներները շարժական են, հետևաբար ատամները լվանալն ու ֆլոսեր կիրառելը խնդիր չի հանդիսանում:
  • Ուտելու ժամանակ էլայներները կարելի է հանել և հանգիստ վայելել սնունդը:
  • Կարևոր հանդիպումներից առաջ ևս կարելի է հանել էլայներները և չմտածել արտաքին տեսքի մասին:
  • Invisalign համակարգը համարյա անտեսանելի է, ինչը չի առաջացնում լրացուցիչ գեղագիտական խնդիրներ
  • Առօրյա կյանքում և ռեժիմում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը բացակայում է: Դուք ապրում եք ձեր սովորական կյանքով, իսկ ատամներն ուղղվում են:
  • Դուք կունենաք իդեալական ժպիտ՝ առանց ավելորդ անհանգստությունների և կոմպլեքսների:


Invisalign համակարգի թերությունները՝

  • Բուժման ընթացքում պացիենտին տրամադրվում է էլայներների միայն մեկ հավաքածու, և դրանցից որևէ մեկի կորուստը կարող է բարդություններ առաջացնել բուժման ժամանակ:
  • Բուժման ամբողջ ընթացքը կարող է խաթարվել, եթե պացիենտը շփոթել է կապաների հաջորդականությունը կամ ժամանակին չի այցելել բժշկին: Բրեկետ համակարգն այդ առումով ավելի ապահով է:
  • Invisalign համակարգը հնարավորություն է տալիս ուղղել ատամնաշարի ոչ շատ բարդ դեֆորմացիաները, ընդ որում պացիենտի տարիքը չպետք է 14 տարեկանից փոքր լինի:
  • Այս համակարգով բուժումը շատ ավելի թանկարժեք է, քան մյուս բոլոր սարքերի դեպքում:

Ինչպես խնամել էլայներները

  • Կապաները պետք է համել միայն սնունդ ընդունելիս և ատամները լվանալիս
  • Չի կարելի դրանք ընկղմել հատուկ լուծույթների մեջ և լվանալ տաք ջրով: Բավական է մաքրել սովորական խոզանակով և սառը ջրով:
  • Պահեք էլայներները հատուկ տարաներում: