aat.am
Loading
Բժշկական օրացույց

Ապրիլ, 2014

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Քութեշ


Նկարագրություն

Քութեշը ստրեպտոկոկային վարակի ձևերից մեկն է: Այն վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է բնորոշ տարածուն ցանով: Չնայած ավելի հաճախ հիվանդանում են մինչև 16 տարեկան երեխաները, մեծահասակները նույնպես կարող են հիվանդանալ:

Պատճառներ

Հիվանդության հարուցիչը A խմբի ստրեպտոկոկն է: Վարակումն առավելապես տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով: Վարակվում են հիվանդ երեխայից, որը ամբողջ հիվանդության ընթացքում և նույնիսկ առողջանալուց հետո որոշ ժամանակ վտանգավոր է շրջապատի համար: Վարակի աղբյուր կարող են լինել քութեշի թեթև և անախտանշան ձևերով հիվանդները (երբեմն հասուն տարիքում քութեշը կարող է ընթանալ անգինայի նման): Հարուցիչը, գտնվելով հիվանդի խորխի, լորձի և թքի կաթիլներում հազալիս, խոսելիս և փռշտալիս ընկնում է օդի մեջ, այնուհետև շնչուղիներով թափանցում առողջ երեխայի օրգանիզմ: Քութեշի հարուցիչը կարող է որոշ ժամանակ պահպանվել նաև հիվանդի օգտագործած առարկաների վրա, որոնք նույնպես վարակի աղբյուր են դառնում:

Առավել հաճախ ստրեպտոկոկերն օրգանիզմ են թափանցում բկանցքով, հազվադեպ նաև վնասված մաշկի միջոցով: Ընկնելով լորձաթաղանթի վրա` ստրեպտոկոկերը բազմանում են և առաջացնում են բորբոքային փոփոխություններ:

Պաթոգենեզ

Քութեշային ստրեպտոկոկերի արտադրած ուժեղ թույնը (տոքսինը), անցնելով արյան մեջ, առաջացնում է ընդհանուր թուլություն, ցան, նյարդային և սիրտանոթային համակարգերի ախտահարում: Թույնի հանդեպ օրգանիզմի ալերգական հակազդեցության հետևանքով հիվանդության 2-3-րդ շաբաթում կարող են ախտահարվել հոդերը, երիկամները, սիրտը: Ստրեպտոկոկերի հանդեպ օրգանիզմի դիմադրողականության անկման ժամանակ երբեմն դրանք ընկնում են արյան մեջ և հանգեցնում օրգանիզմի ընդհանուր վարակման: Հիվանդության այդպիսի ձևերը բնորոշ են 1-3 տարեկան երեխաներին: Քութեշի հարուցիչը 2-7 (երբեմն` 11) օր կարող է գտնվել մարդու օրգանիզմում` չառաջացնելով հիվանդության ախտանշաններ:

Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, արագ բարձրանում է ջերմաստիճանը, առաջանում են ընդհանուր թուլություն, կոկորդի ցավեր, հաճախակի կարող է լինել սրտխառնոց, փսխում: Հիվանդության առաջին 10-12 ժամերին մաշկը մաքուր է, չոր և տաք: Բկանցքը վառ կարմիր է, նշագեղձերը` մեծացած: Ցանն առաջանում է հիվանդության 1-ին օրվա վերջին կամ 2-րդ օրվա սկզբին, տեղադրվում է պարանոցի, մեջքի վերին հատվածի, կրծքի մաշկի վրա, այնուհետև տարածվում է ամբողջ մարմնով: Այն հատկապես առատ է ձեռքերի ծալվող մակերևույթների, կողքերի և որովայնի ստորին հատվածի վրա: Ցանը կարմիր է կամ ալ վարդագույն` մանր, խիտ դասավորված բծերի տեսքով: Հաճախ նկատվում է մաշկի քոր: Լեզուն չոր է և ծածկված է սպիտակ փառով: 3-րդ օրն այն մաքրվում է` ստանալով կարմիր գույն: Հիվանդության բոլոր ախտանշանները պահպանվում են 3-5 օր, այնուհետև` աստիճանաբար անհետանում: Առաջին շաբաթվա վերջին կամ երկրորդ շաբաթվա սկզբինցանի տեղում առաջանում է թեփոտում, որն ավարտվում է 2-3 շաբաթ անց:

Քութեշի ծանր ձևերը ներկայումս հազվադեպ են հանդիպում: Ավելի հաճախ ընթացքը թեթև է: Սակայն հիվանդության նույնիսկ թեթև ընթացքի ժամանակ կարող են առաջանալ սրտի, երիկամների և նյարդային համակարգի բարդություններ:
Հաճախակի հանդիպող բարդություններից են ենթածնոտային և պարանոցային ավշահանգույցների բորբոքումները, միջին ականջի բորբոքումը, սրտամկանի, հոդերի ձուսպաթաղանթների բորբոքումները, ինչպես նաև ռևմատիզմի սրացումները:

Երբեմն, հիվանդության 3-4-րդ շաբաթում, նկատվում է գրեթե անհետացող ախտանշանների կրկնություն (ցան, անգինա, ջերմաստիճանի բարձրացում):

Բուժում

Եթե հիվանդությունն ընթանում է թեթև հիվանդները կարող են բուժվել տանը` բժշկի հսկողությամբ, այլապես հիվանդները հոսպիտալացվում են: Անկախ հիվանդության ձևից` հիվանդին հարկավոր է անկողնային ռեժիմ առանձին սենյակում: Երեխայի մեկուսացումը թե՛ տանը, թե՛ հիվանդանոցում, տևում է 10 օրից ոչ պակաս: Սենյակի պատերն ու կահույքը հարկավոր է մաքրել քլորամինի լուծույթով, իսկ գորգը ցանկալի է հավաքել կամ ամեն օր մաքրել փոշեկուլով: Հիվանդի անձնական օգտագործման իրերն անհրաժեշտ է առանձնացնել: Նույնիսկ առաջին օրերին երեխայի հետ շփվելուց հարկավոր է հագնել արտահագուստ, իսկ շփումից հետո` ձեռքերը լվանալ:

Առաջին օրերին ցավոտ կլման ժամանակ ցանկալի է տալ կաթնաբուսական սնունդ: Հարկավոր է կերակրել օրը 5-6 անգամ` որոշակի ժամերի: Հարկավոր է հաճախակի տալ կիտրոնով թեյ, բանջարեղենի ու մրգերի հյութեր: Եթե ջերմաստիճանը բնականոն է, բժշկի թույլտվությամբ երեխան պետք է առանց սպունգի ցնցուղ կամ լոգանք ընդունի` վաղ տարիքի հիվանդները` ամեն օր (10 րոպե 38°C ջրով), իսկ ավելի մեծերը` 3-5 օրը մեկ: Երեխաները պետք է ամեն օր բերանը ողողեն կերակրի սոդայի (1 բաժակ եռացրած ջրին 1 թեյի գդալ սոդա) կամ ֆուրացիլինի (1 հաբ` 1 բաժակ ջրին): լուծույթով: Բժշկի նշանակած դեղանյութերն ընդունելիս հարկավոր է խստորեն պահպանել դեղաչափերը և ժամերը: Նույնիսկ երեխայի բավարար ինքնազգացողության ժամանակ բուժումն ինքնուրույն ընդհատել չի թույլատրվում: Միայն բժշկի թույլտվությամբ երեխան կարող է անցնել սովորական ռեժիմի: Մինչև 9 տարեկան երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց թույլատրվում է վերադառնալ 22 օր անց` հիվանդության սկզբից հաշված:

Կանխարգելում

Քութեշի կանխարգելման համար հարկավոր է երեխաներին հնարավորինս հեռու պահել անգինայով հիվանդ մեծահասակ մարդկանցից, քանի որ դա կարող է լինել քութեշային անգինա և երեխաները կարող են վարակվել: Իսկ հիվանդի հետ շփված և չհիվանդացած երեխաները պետք է վերադառնան դպրոց հիվանդի մեկուսացման պահից 7 օր անց:
Էջի Սկիզբ