Loading
Բժշկական օրացույց

Մայիս, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Անոթային վեգետատիվ դիստոնիա

Ֆունկցիոնալ բնույթի անոթաշարժ խանգարում է, որն ուղեկցվում է անոթային համակարգի տարբեր հատվածների դիսկոորդինացված ռեակցիաներով։ Այդ պրոցեսներում նյարդային համակարգի սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժինների ընդգրկումը կախված է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։ Վեգետատիվ անոթային դիստոնիան ավելի հաճախ նկատվում է աղջիկների մոտ՝ սեռական հասունացման շրջանում, և կապված է բազմազան նեյրոհումորալ մեխանիզմների ազդեցությունների հետ։ Առաջացմանը նպաստում են քրոնիկական թունավորումները, ռեժիմի երկարատև և կոպիտ խախտումները, հիպոդինամիան։ Մեծ նշանակություն ունի ժառանգական նախահակումը։

 
Տարբերում են համակարգային և տեղային վեգետատիվ անոթային դիստոնիաներ։ Համակարգային դիստոնիաներն ընթանում են հիպեր և հիպոթենզիվ ձևերով։

 
Վեգեգատիվ անոթային դիստոնիայի առաջին ձևը բնորոշվում է արյան ճնշման ոչ բարձր թվերի անցողիկ բարձրացումներով և բազմազան նյարդավեգետատիվ նշաններով՝ հուզական անկայունություն, անհանգիստ քուն, արագ հոգնածություն, պուլսի հաճախացում և անկայունություն, քրտնոտություն, ուժեղացած դերմոգրաֆիզմ և այլն։ Որոշ երեխաների մոտ արյան ճնշման բարձրացումը տեղի է ունենում միայն ֆիզիկական կամ հուզական լարվածությունից հետո, մնալով նորմալ` հանգիստ վիճակում, իսկ մյուսների մոտ՝ սիստոլային ճնշումը բարձր է հանգիստ ժամանակ (դիաստոլայինի նորմալ դեպքում)։ Սիստոլային ճնշման տևական և զգալի բարձրացումը (դիաստոլիկն աննշան բարձր է կամ նորմալ), հիպերտոնիկ հիվանդության զարգացման առումով, ավելի անբարենպաստ է։ Այդպիսի երեխաների ու անչափահասների մոտ հաճախ հայտնաբերվում են ժառանգական նախահակում, աքսելերացիայի նշաններ, վաղաժամ սեռական զարգացում, փոփոխություններ աչքի հատակում և այլն։

 
Վեգետատիվ անոթային դիստոնիայի հիպերտենզիվ ձևը (նյարդաշրջանառական ասթենիա) բնորոշվում է սիստոլային ճնշման իջեցման հակումով։ Նման երեխաների մոտ նկատվում են ընդհանուր թուլություն, գլխապտույտներ, գլխացավ, երբեմն ուշագնացություն։

 
Տեղային (ռեգիոնար) վեգետատիվ անոթային դիստոնիաներից են տեղական սպազմները կամ մկանային զարկերակների լայնացումները, մաշկային ջերմաստիճանի և քրտնարտադրության ասիմետրիաները, վերջույթակապտուկը և մաշկի գույնի այլ սահմանափակ փոփոխությունները, միգրենը, Ռեյնոյի համախտանիշը։ Որոշ դեպքերում վեգետատիվ անոթային դիստոնիան կարոդ է հանդես գալ որպես ավելի ծանր օրգանական հիվանդության արտահայտություն։

 
Բուժումը։ Կիրառվում են կոմպլեքս առողջական և հիգիենիկ միջոցառումներ, ֆիզիկական վարժություններ, ֆիզիոթերապևտիկ բուժում, ինչպես նաև հոգեբուժական ներգործության մեթոդներ։ Անհրաժեշտ է վերացնել վարակի օջախները։ Կարելի է օգտագործել նյարդային պրոցեսները կարգավորող դեղամիջոցներ՝ վալերիանա, բրոմի պատրաստուկներ, բելոիդ և այլն:


Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան

Էջի Սկիզբ