Loading
Բժշկական օրացույց

Մայիս, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Ակտինոմիկոզ


Նկարագրություն

Ակտինոմիկոզը (շողասնկախտ) վարակիչ հիվանդություն է, որը հարուցում են ճառագայթասնկերը (ակտինոմիցետներ): Ախտահարվում են հիմնականում կենդանիները (առավելապես խոշոր եղջերավոր), հազվադեպ` մարդիկ:

Պատճառներ

Հիվանդության հարուցիչները տարածվում են հողում, շատ կենդանիների մարսողական համակարգում, հացազգի բույսերի հասկերում: Գրեթե միշտ լինում են նաև մարդկանց բերանի խոռոչում, աղիքներում, վերին շնչուղիներում, սակայն անվնաս են և ապրում են որպես սապրոֆիտներ: Միայն որոշակի պայմաններում, երբ թուլանում է օրգանիզմի պաշտպանական հակազդեցությունը (սուր շնչառական հիվանդություններ, ալերգական վիճակներ, պարոտիտի, թոքաբորբի, տուբերկուլոզի հետևանքով առաջացած հյուսվածքների և օրգանների տեղային փոփոխություններ), սնկերը կարող են ձեռք բերել հիվանդածին հատկություններ: Տեղակայվելով դիմադրողականությունը կորցրած հյուսվածքներում` դրանք առաջացնում են առանձնահատու բորբոքային օջախներ: Շատ հազվադեպ վարակվում են այն ժամանակ, երբ շողասնկերը շրջակա միջավայրից թափանցում են անմիջապես վնասված մաշկով կամ լորձաթաղանթով: Աղիքների կամ թոքերի ակտինոմիկոզը կարող է առաջանալ ճառագայթասնկերով վարակված տարեկանի, ցորենի և այլ հացաբույսերի հասկերի քիստերը կուլ տալիս կամ դրանք շնչառական ուղիներ ընկնելիս: Հիվանդությունը չի փոխանցվում:

Պաթոգենեզ

Ակտինոմիկոզը հաճախ առաջանում է ծնոտների և պարանոցի մաշկի վրա, ինչպես նաև որովայնի խոռոչի օրգաններում և թոքերում: Մակերեսային ակտինոմիկոզի դեպքում մաշկի և լորձաթաղանթի վրա առաջանում են կապտավուն կամ կարմրավուն, շոշափելիս` պինդ, քիչ ցավոտ ուռուցքների տեսքով խոշոր բորբոքային օջախներ, որոնց մեջ կան թարախային խոռոչներ: Այդտեղից թարախն արտազատվելիս գոյանում են բազմաթիվ խուղակներ: Որովայնի խոռոչի օրգանների և թոքերի ախտահարումը դրսևորվում է դրանց ֆունկցիաների խանգարումներով: Ժամանակին բժիշկի չդիմելիս բորբոքային օջախը տարածվում է խորքից դեպի դուրս (օրինակ` թոքից կրծքավանդակի պատին)` ընդգրկելով մաշկը, և հանգեցնում է խուղակների առաջացման:

Բուժում

Բուժման ժամանակակից մեթոդներով ակտինոմիկոզով հիվանդները սովորաբար առողջանում են: Որքան շուտ սկսվի բուժումը, այն այնքան արդյունավետ կլինի:

Կանխարգելում

Այս հիվանդության կանխարգելման նպատակով անհրաժեշտ է ժամանակին բուժել տարբեր բորբոքային (հատկապես բերանի խոռոչի և ատամների) հիվանդությունները:

Էջի Սկիզբ