Loading
Բժշկական օրացույց

Մայիս, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Ալվեոլիտ (ֆիբրոզացնող )

Բրոնխաթոքային համակարգի ծանր հիվանդություն է։ Պայմանավորված է սահմանային (տերմինալ) բրոնխներից խոր գտնվող թոքային հյուսվածքի տարածուն ֆիբրոզով, որը գազափոխանակության ծանր խանգարում է առաջացնում։ Գտնում են, որ «ալվեոլիտ» և «թոքային ֆիբրոզ» տերմինները նույնիմաստ չեն։ Ըստ էության, դրանք միևնույն պրոցեսի տարբեր շրջաններն են. թոքերի ֆիբրոզը զարգանում է ալվեոլիտի հետևանքով։

 

Թոքերի տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզի առաջացման պատճառները դեռևս անհայտ են։ Հիվանդության զարգացման մեխանիզմում մեծ դեր է տրվում աուտոիմուն պրոցեսներին։ Նշվում է նաև թոքերի տարածուն ֆիբրոզի և կոլագենային հիվանդությունների ընդհանուր նմանությունը։ Դրա հետ մեկտեղ արդարացիորեն ընդգծվում է թոքերի իդիոպաթիկ տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզի, որպես ինքնուրույն հիվանդության, և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների դեպքում առաջացող թոքերի ֆիբրոզի սահմանազատման անհրաժեշտությունը։

 

Թոքերի տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզը դոմինանտային տիպով փոխանցվող ժառանգական հիվանդություն է։ Ձևաբանորեն հիվանդությունը բնորոշվում է ալվեոլների և շնչական բրոնխիոլների պատերի լիմֆոիդ և պլազլմաբջջային ինտենսիվ ինֆիլտրացիայով։ Ալվեոլների պատում հայտնաբերվում է ռետիկուլային թելերի ցանց, որը հետագայում մասամբ փոխարինվում է կոլագենային թելերով (Ի.Կ. Եսիպովա)։

 

Հիվանդությունը կարող է սկսվել սուր, ինչպես ռեսպիրատոր վարակը կամ սուր թոքաբորբը։ Քրոնիկական ձևերի դեպքում սկիզբը հաճախ աննկատ է լինում։

 

Հևոցը հիմնական կլինիկական նշաններից է։
Այն սկզբում առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնման ժամանակ, իսկ հետագայում, հիվանդության հարաճման հետ, հայտնվում է նաև հանգիստ վիճակում։ Ցիանոզ նկատվում է գլխավորապես ֆիզիկական ծանրաբեռնման, ինչպես նաև միացող շնչական վարակի դեպքում։ Հազը սովորաբար լինում է չոր, խզզոցները ոչ մշտական, նուրբ, ճարճատող։ Ըստ ընդհանուր կարծիքի, թոքերի տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզին հատկանշական է արտահայտված հևոցի անհամապատասխանությունը թոքերի համեմատաբար փոքր ֆիզիկական փոփոխությունների հետ, որը և համարվում է տարբերակիչ-ախտորոշիչ կարևորագույն նշաններից մեկը և թույլ է տալիս թոքերի տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզը կլինիկորեն տարբերակել քրոնիկական բրոնխաթոքային այլ հիվանդություններից։ Թոքերի տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզի մշտական նշաններից է մատնածայրերի («թմբկափայտիկներ») և եղունգների («ժամացույցի ապակիներ») ձևափոխումները։ Սրտի տոները խլացած են, թոքային զարկերակի վրա շեշտված է II տոնը։



Թոքերի տարածուն ֆիբրոզի կլինիկայում մեծ նշանակություն ունի արտաքին շնչական ֆունկցիայի խանգարումը։ Շնչառական անբավարարությունը պայմանավորված է թոքերի էլաստիկ հատկությունների փոփոխությամբ, ձգողականության փոքրացումով, ալվեոլամազանոթային պաշարման ձևավորմամբ։ Ֆունկցիոնալ հետազոտություններով հայտնաբերվում են ԹԿՏ (թոքերի կենսական տարողություն) , ԹԸՏ (թոքերի ընդհանուր տարողություն), թոքերի մնացորդային ծավալի նվազում։ Շնչառությունը սովորաբար լինում է հաճախացած, խորությունն իջած։

 

Ռենտգենաբանական պատկերը բնորոշվում է տարածուն ախտահարումով, թոքանկարի ուժեղացումով, ձևախախտումով և գալարաձև տեսքով։ Հայտնաբերվում են նաև հանգուցավոր և տարբեր մեծության օջախային ստվերներ, որոնք ցրված են թոքի ամբողջ տարածությամբ : Այստեղ ևս անհամապատասխանություն կա ծանրագույն շնչառական անբավարարության և ռենտգենաբանական աղքատ պատկերի միջև։ Թոքի բիոպսիայի հետազոտությունն ի հայտ է բերում վասկուլիտի և ֆիբրոզի ձևով ընթացող ոչ սպեցեֆիկ փոփոխություններ։

 

Թոքերի տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզը կարող է զուգակցվել պոլիարթրիտի կամ այլ իմունաբանական խանգարումների հետ:

 

Հիվանդության կանխատեսումն անբարենպաստ է։ Հիվանդների կյանքի միջին տևողությունը կազմում է 2-3 տարի։

 

Բուժումը կոնսերվատիվ է, ախտանիշային։
Ամենաարդյունավետ միջոցներն են կորտիկոստերոիդների և իմունոդեպրեսանտների զուգակցված օգտագործումը։

 

 

Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան

Էջի Սկիզբ