Հարցազրույց սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանի հետ
Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Սեքսոլոգիայի ամբիոնի սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը
-Բժշկուհի Ներսիսյան, ի՞նչ նպատակ է հետապնդում ձեր բլոգի ստեղծումը?
-Նպատակը պարզ է ու հստակ` սեռականության մշակույթի զարգացումը, սեռային ինքնագիտակցության բարձրացումը, սեռային ինքնաճանաչողությունը: Ես խրախուսում եմ մարդկանց ավելի համարձակ լինել, ավելի անկեղծորեն երկխոսել իմ հետ, հնչեցնել իրենց մտքերը, կիսվել կարծիքներով, վերլուծություններով: Հաճախ եմ նկատում, որ սեքսին վերաբերող թեմաների շուրջ ծավալվում են ոչ գիտական քննարկումներ (հատկապես կանանց սեքսուալությանը վերաբերող), գիտական հիմքերից զուրկ փաստարկներով սեքսը և սեքսուալությունը պարզունակացվում, խեղաթյուրվում և դառնում են թեմայի հետ կապ չունեցող կենցաղային խոսակցություններ:
-Սեքսոլոգի աշխատանքը մի տեսակ «պլանավորված» մոտեցում ունի մարդու կյանքի ինտիմ կողմի նկատմամբ` սեքս, սեռական կյանք, օրգազմ և այլն: Ազդու՞մ է դա ձեր աշխատանքային ձեռագրի վրա:
-Բոլորովին համաձայն չեմ, որ բժիշկ-սեքսոլոգը ինտիմ կյանքին նայում է սահմանափակ շրջանակներում: Ինտիմ կյանքը մարդ-մարդ հարաբերության ամենախորը, ամենանուրբ տեսակն է, որտեղ մարդը մերկ է ոչ միայն մարմնով, այլև հոգով: Սա հարաբերության մի դաշտ է, որտեղ մարդը հանդիպում է ինքն իրեն, որտեղ կարող է իմանալ և ճանաչել իր ով լինելը: Կարծում եմ, որ սեռական կյանքը օրգազմին հավասարեցնող և պարզունակացնող միտումները մարդուն իրենից հեռացնելու նպատակ են հետապնդում, որովհետև առողջ սեռային հարաբերության ժամանակ մարդն ի վիճակի է տեսնելու իրեն, ճանաչելու իր անսահման հնարավորությունները, իսկ դա hնարավոր է ամենևին ձեռնտու չէ որոշ ուժերի:
-Տիկին Ներսիսյան, մարդուն սեռականություն է տրվել որդեծնության համար, մինչդեռ մարդիկ սեռական հարաբերություններ ունենում են ոչ այնքան զավակներ ունենալու, որքան հաճույք ստանալու նպատակով: Շատերի համար դա նույնիսկ իրենց կյանքի գերխնդիրն է, ինչպես ասենք, ուտելը կամ շքեղ հագնվելը: Ո՞րն է առավել նախընտրելի` ֆիզիկական և հոգեկան ներդաշնակություն ապահովելու, առողջ և երջանիկ լինելու համար:
-Այո, երբ մարդիկ սեռական կյանքով են ապրում հաճույք ստանալու նպատակով, ապա նրանք հեռանում են իրենց սեռականության ակունքներից: Սեռական կյանքը չունի հաճույք ստանալու նպատակ, սեռական կյանքը ընդհանրապես նպատակ չունի: Դա գոյության ձև է, հարաբերման ձև, դա կյանքի ընթացք է, դա կյանքն է: Ձևը, ինչպես և ընթացքը, նպատակ չունեն, կյանքի նպատակը այս առումով` ապրելն է:
-Ինձ միշտ հետաքրքրել է թե’ սեքսոլոգների, թե’ հոգեբանների, թե’ հոգևորականների այն պնդումը, որ անկախ սեռի մարմնական հասունացման աստիճանից, մարդը պետք է սեռական կյանքով ապրի հոգեբանական, սոցիալական որոշակի աստիճանի հասնելուց հետո` երբ սերը կլինի երկուստեք, խղճի և հասարակության համար ընդունելի պարագաներում և այլն: Սակայն սա գրեթե միակ պնդումն է, որ միասնական է: Թե՞ սխալվում եմ:
-Այն, որ այս պնդումը իրոք միասնական է, չեք սխալվում, մարդը կարող է սեռային հարաբերություն ունենալ, երբ բավականաչափ պատասխանատվության զգացում ունի: Իսկ պնդման միակը լինելու հավակնությունը, կարծում եմ անիրատեսական է, սեքսին և սեռականությանը վերաբերող հարցերում ցանկացած գիտական հայեցակետ նույն թիրախին է հանգում, իսկ Ճշմարտությունը մեկն է:
-Բժշկուհի, ինչ կասեք սեռական արգելքների մասին: Այսինքն, զուգավորումը, նույնիսկ մերձեցման տեսակները, անգամ դրա հաճախականությունը, որքանո՞վ է առողջապահական տեսակետից «նախընտրելի» հետևել այդ կանոններին:
-Սեռական կյանքի արգելքներն այն արգելքներն են, որ կան ինքնին կյանքում` մի վնասիր դիմացինին, մի ավերիր, մի խաբիր, մի կեղծիր: Եթե սեռական վարքն այս առումով պատասխանատու է, ապա սեռական կյանքում արգելքներ չկան, մարդն ազատ է իր ընտրության մեջ, նա է որոշում ինչպես ապրել և ինչու գիտակցաբար զերծ մնալ որոշակի վարքային ակտիվություններից կամ ստեղծագործաբար կիրառել այլ ակտիվություններ:
-Հաճախ մարդիկ «սեքս» ասելով «մեղք» են հասկանում: Ինչպե՞ս եք մեկնաբանում:
-Իմ կարծիքով նրանք մարդիկ են, ովքեր գերի են հասարական նորմերին ու բարքերին: Մարդ պետք է առանձնանա հասարարական գիտակցությունից, որպեսզի հասկանա ինչ է ազատությունը և այնժամ նա կիմանա` ինչ է սիրո ազատությունը և իսկական սեքսը: Այսպիսի մարդը երբևէ չի կարող սեքսը մեղք համարել:
-Կուսության պահպանումը վերջերս նոր իմաստ ստացավ ինձ համար, երբ դիտեցի մի վավերագրական ֆիլմ «տելեգոնիա» երևույթի մասին: (Երբ նախորդ զուգընկերոջ գենետիկ առանձնահատկությունները կարող են փոխանցվել հաջորդ զուգընկերոջից բեղմնավորված երեխային): Ձեր կարծիքը խնդրեմ:
-Տելեգոնիան ձևերից մեկն է, որով կարելի է վերահսկել մարդուն, վախի միջոցով ստրկացնել նրան, ստիպել, որ նա կուրորեն ենթարկվի օրենքի: Ես դեմ եմ այս ճանապարհով մարդու վարքը վերահսկելուն, մարդը ազատ է և մարդու կյանքում պիտի տիրի ազատ կամքի դրսևորումը, վախը չի կարող տեղ գրավել ազատության մեջ:
-Ի՞նչ եք կարծում սեռական գրագիտությունը ի՞նչ մակարդակի վրա է Հայաստանում: Գուցե տեղյա՞կ եք, կա՞ն նման վիճակագրական հետազոտություններ:
-Հայաստանում չկան նման վիճակագրական տվյալներ: Սեռական գրագիտություն ասվածը ընդհանուր մշակութային երևույթ է և սերտ կապ ունի հավատքի հետ: Ես այդքան էլ կողմնակից չեմ այն ընդհանուր գրագիտության կոնտեքստից առանձնացնելուն:
-Ինչի՞ մասին կկամենայիք տեղեկացնել կամ ի՞նչ կհորդորեիք մեր ընթերցողներին:
-Կցանկանայի որ ընթերցողը պարզապես ամրապնդեր իր հավատը, մենք պետք է շատ ուզենանք ազատ լինել և կլինենք, Հրաշքները իրականություն են, մենք պարզապես դրանք չենք նկատում:
-Շնորհակալություն հետաքրքրական զրույցի համար:
ԿԱՊ ՀԱՍՏԱՏԱԵԼ ԲԺՇԿԻ ՀԵՏ
03 Փետրվարի 2012